Որորնեք և սեղմե՛ք Enter
Փետրվար 19 2024
«Ֆինլանդիայի պատմություն» գրքի շնորհանդես
AMD

Ֆինն պատմաբան, Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Հենրիկ Մեյնանդերի Հայաստան այցի վերջին ակորդը նրա «Ֆինլանդիայի պատմություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն էր: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանը, Ֆինլանդիայում Հայաստանի նախկին դեսպանը, ՀՀ նախկին ԱԳ նախարարը և այլ դիվանագետներ:

«Ֆինլանդիայի պատմություն» գրքի շնորհանդեսն ընդհանուր առմամբ Ֆինլանդիայի հաջողված փորձից սովորելու մասին էր: Թարգմանիչ Դավիթ Սարգսյանի խոսքով, սեփական երկրի հանդեպ խնամքով վերաբերմունքը, լուռ ու համբերատար ձևով պետություն կառուցելը խիստ տպավորիչ է. «Մենք անցել ենք նույն ցնցումների միջով, սակայն ֆինները հաջողել են, մենք՝ տապալվել, ֆինները կարողացել են, մենք՝ ձախողել, նրանք արել են այն, ինչի մասին մենք կարող էինք միայն երազել»:

Գրքի հայերեն հրատարակության խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, այս գիրքը հայ ընթերցողի համար կարևոր է նաև այն առումով, որ հանդիսանում է անկաշկանդ, ազատ պատմագիտության նմուշ. «Գիրքը շատ կարևոր է հատկապես Հայաստանի համար, քանի որ հայ հասարակությունը հիմա քննարկում է պատմության դասագրքերի խնդիրը։ Կոչել «Հայաստանի պատմություն», «Հայոց պատմություն», թե «ՀՀ պատմություն», թվում է՝ ընդամենը ձևակերպման խնդիր է, բայց ամեն մի ձևակերպման տակ կա քաղաքական և պրոպագանդիստական հենք։ Եվ դա կարող է զգալիորեն ազդել դպրոցներում մեր աշակերտների, բուհերում՝ ուսանողների վրա։ Տարբեր սերունդներ կտառապեն պատմության դասագրքերի անհարկի քաղաքականացումից։ Դրա համար մենք պետք է շատ ուշադիր լինենք այս պատմության տեքստը ընթերցելիս, և ես կուզեի շեշտել՝ սովորենք, թե ինչպես է պետք ոչ միայն պատմություն ստեղծել, այլ նաև գրել պատմություն»:

Ըստ ՄԱԿ-ի, Ֆինլանդիան աշխարհի ամենաերջանիկ երկիրն է, ընդ որում այդ տիտղոսը Ֆինլանդիան կրում է տարիներ շարունակ: Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի խոսքով, երջանիկ պետության համար կարևոր է հասկանալ, թե որոնք են երջանկության տարրերը. «Ֆիններն ամեն անգամ շոկի են ենթարկվում, երբ նրանց ասում են, որ իրենք ապրում են աշխարհի ամենաերջանիկ երկրում: Կարևոր է հասկանալ, թե ինչն է երջանիկ դարձնում այս կամ այն երկիրը, ինչն է երջանիկ դարձնում ձեզ, որոնք են երջանկության բաղադրիչները Հայաստանի համար»:

Ֆինլանդիայում Հայաստանի նախկին դեսպան, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանի խոսքով, Ֆինլանդիայի օրինակը Հայաստանի համար ուսանելի է երեք առումով. «Նախ, Ֆինլանդիայի օրինակից կարելի է սովորել՝ տեսնելով, թե ինչպես է այս երկիրը հաղթահարել պատմական մեծ ցնցումները: Երկրորդը Ֆինլանդիայի համընդհանուր պաշտպանության համակարգն է, երրորդը՝ մասնակցային ժողովրդավարության, հավաքական որոշումներ կայացնելու փորձը»:

Գրքի հեղինակ, պրոֆեսոր Հենրիկ Մեյնանդերն ընդգծեց, որ շատ տպավորված է Հայոց պատմությամբ ու մշակույթով: Պատմաբանի խոսքով, ցանկացած ազգի առաջնային խնդիրը գոյության պահպանումն է. «Այս երեք օրերը չափազանց հետաքրքիր էին: Ես հասկացա, թե որքան հին մշակույթ, ինչպիսի հրաշալի պատմություն ունեք: Որպես պատմաբան՝ նախանձում եմ ձեզ, ձեր պատմությունը ոչ միայն շատ երկար է, այլև ունի բազմաթիվ շերտեր»:

Պրոֆեսոր Հենրիկ Մեյնանդերի ամենահայտնի գործը հայերեն է հրատարակվել Ֆինլանդիայի ԱԳ նախարարության և «Ֆիննի» ապրանքանիշի հետ գործակցությամբ։

Աղբյուր՝ newmag.am