Որորնեք և սեղմե՛ք Enter
Նոյեմբեր 24 2023
30-ամյա ընկերություն և գործընկերություն

15.11.2023թ․ տեղի ունեցավ սննդամթերքի ներմուծմամբ և արտադրությամբ զբաղվող հայկական «Մառնիկ» ընկերության և «Valio»-ի՝ կաթնամթերքի համաշխարհային շուկայի ֆիննական հսկայի երեք տասնամյակ համագործակցության, ինչպես նաև «Finny»․ ֆիննական հումքով հայկական պաղպաղակի գործարանի պաշտոնական բացմանը նվիրված տոնական երեկոն:

Երեկոն իրենց ներկայությամբ պատվեցին Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենը, «Վալիո» ընկերության պաշտոնական պատվիրակությունը, ի դեմս Գլխավոր փոխնախագահ Յուկա Լեսկինենի, Միջազգային վաճառքի և մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Օդրի Մեունիեր-Վալկոնենի և Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի վաճառքի պատասխանատու-մենեջեր Տատյանա Կուլմանի։ Միջոցառման հյուրն էին նաև «Մառնիկ» ընկերության հայաստանյան շուկայի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ընկերները։

Երեկոն նշանավոր էր նաև «Finny»՝ ֆիննական հումքով հայկական պաղպաղակի գործարանի պաշտոնական բացմամբ․ կարմիր ժապավենի կտրման պատիվը տրված էր Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին և «Վալիո» ընկերության գլխավոր փոխնախագահ Յուկա Լեսկինենին։ Հյուրերը շրջայց կատարեցին նաև նորաբաց գործարանի տարածքում, ծանոթացան պաղպաղակի արտադրության համար կիրառվող սարքավորումներին ու հումքին։

«Finny» ապրանքանիշի՝ «Մառնիկ» ընկերության համահիմնադիր տնօրեն Գրիգոր Մանթաշյանն իր ողջույնի խոսքում նշեց․ «Հայաստանում ստեղծվել է արտադրանք, որի հիմքում կիրառվել է «Valio» ֆիննական ապրանքանիշի ավելի քան 100-ամյա փորձը, իսկ որպես հումք օգտագործվում են բացառապես «Վալիո» կարագ և չոր կաթ, ինչը հայկական պաղպաղակի շուկայում բացառիկ համ և որակական բարձր հատկանիշներով արտադրանք ստեղծելու կարևորագույն պայմաններից է»։

Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենն «Մառնիկ» - «Վալիո» համագործակցությունը գնահատեց այսպես․ «Սա հայ-ֆիննական բիզնեսների գործակցության լավագույն օրինակ է, որում ես համոզվել եմ դեռևս 2 տարի առաջ՝ «Մառնիկ» ընկերություն իմ առաջին այցի ընթացքում»։

 ««Մառնիկ»-ի հետ համագործակցությունը եղել է մեր միջազգային ընդլայնման և հարավկովկասյան շուկա մուտքի հիմնաքարը, որի լավագույն դրսևորումն է այս երեկոյի պատճառը՝ 30 տարվա մեր ընկերությունը, ինչն անգնահատելի է «Valio» ընկերության համար, որ հայ սպառողներին մեր արտադրանքը հասանելի է հենց ձեր միջոցով»,- նշեց «Վալիո» ընկերության գլխավոր փոխնախագահ Յուկա Լեսկինենը և «Մառնիկ» ընկերության համասեփականատեր և տնօրեն Գրիգոր Մանթաշյանին հանձնեց Ֆինլանդիայի առևտրաարդյունաբերական պալատի ոսկե մեդալ՝  ի նշան ֆիննական բիզնեսին մատուցած երկարամյա ակնառու ծառայությունների երախտիք։

Երեկոյի ավարտին «Մառնիկ» ընկերությունը իր ֆին հյուրերին ևս դատարկաձեռն չթողեց․ դեսպանին և «Վալիո» ընկերության պաշտոնական պատվիրակության անդամներին շնորհվեցին «Մառնիկ և Վալիո ընկերությունների համագործակցության 30 ամյակ» հատուկ թողարկված ոսկյա հուշանվեր-մետաղադրամներ։

Ծանոթագրություն․

«Մառնիկ» ընկերությունը հիմնադրվել է 2000թ.-ին։ Այն հանդիասանում է «Փունջ» ՍՊԸ-ի (1993-2000թթ․) իրավահաջորդը, որը ֆիննական «Վալիո» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն էր Հարավային Կովկասում։ «Մառնիկ» ընկերությունն այսօր «Վալիո» արտադրանքի միակ և բացառիկ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանի Հանրապետությունում։ «Մառնիկ» ընկերության միջոցով այժմ հայ սպառողներին հասանելի են ֆիննական «Վալիո» ապրանքանիշի «Վալիո» և «Ֆին» կարագները, «Օլտերմանի» պանիրը, «Վալիո» կրեմ-պանիրները և «Վալիո» հալած պանիրները։

2020թ․-ից «Մառնիկ» ընկերությունը սկսել է իր սեփական արտադրությունը «Finny» ապրանքանիշով, որի նպատակն է հայաստանյան սպառողին առաջարկել բացառապես բնական բաղադրիչներով և ֆիննական «Վալիո»  կարագով պատրաստված հայկական պաղպաղակ, շուտով նաև՝ խմորային սառեցված արտադրանք։